
Այսօր Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության Բազմշահառու աշխատանքային խումբը աշխատանքային հանդիպում իրականացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունում։
Օրակարգում քննարկվել են Ուռուտում և Գլաձորում տեղի ունեցող դեպքերը։ Աշխատանքային հանդիպումը գումարվել էր ԱՃԹՆ քաղհասարակության խմբակցության կողմից տարածած հայտարարության պահանջով։
Աշխատանքային քննարկմանը կարևորվեց համայնքների և բնակավայրերի կամարտահայտման իրավունքը, մասնավորապես այն մասով, որ համայնքի/բնակավայրի բնակիչների կարծիքը պետք է որոշիչ լինի իրենց համայնքում հանքարդյունահանման վերաբերյալ լսումներում։ Կողմերի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն, առաջիկայում օրենսդրական համապատասխան առաջարկությունների մշակման և ներկայացման վերաբերյալ, այնպիսի առաջարկությունների, որոնք կերաշխավորեն համայնքի բնակիչների կարծիքի և կամարտահայտման ազդեցությունը որոշումների կայացման վրա տեղական և համայնքային մակարդակում:

